AM
6 Մայիս 2021 - 07:07 AMT

Քոչարյանն ու Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանին․ Արդեն ընտրել ենք արտահերթի գնալու այլ ձևաչափ

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներն արձագանքել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասնական դաշինքով ընտրություններին գնալու առաջարկին:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ «արդեն ընտրել են մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարեն ամենամոտ ապագայում»:

«Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։

Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել»,-ասել է Սողոմոնյանը։

Սարգսյանի գրասենյակից նշել են, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունն ընդամենը օրեր առաջ իր որոշումն ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

«Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով», – ասված է Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ։

Տեր-Պետրոսյանն իր հոդվածով, հրապարակավ կրկնելով մարտի 25-ի իր առաջարկը, կրկին առաջարկել է Քոչարյանին և Սարգսյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններին գնալ միասնական դաշինքով։ Մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը, որտեղ էլ արվել էր առաջին նմանատիպ առաջարկը։