AM
6 Մայիս 2021 - 11:56 AMT

Թաթոյանը դատապարտել է ատելության խոսքը՝ մարդկանց «ժեխ» կամ «պիցցայակեր» անվանողներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱԺ-ում 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ դատապարտել է ատելության խոսքի միջոցով երկրում անհանդուրժողականության հաստատումը, թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչների կողմից:

«Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարը, անթույլատրելի է, երբ հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչներ հասարակության մի մասին վիրավորող՝ «ժեխ», «զոմբիներ» արտահայտություններ են օգտագործում: Նույնքան դատապարտելի են իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը նպաստող այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են, օրինակ` «պիցցայակերներ», «ծախվածներ» և այլն»,- ասել է ՄԻՊ-ը։

Նա նշել է, որ հասարակական-քաղաքական հարթակ բերված նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորմամբ դիսկուրսն անթույլատրելի օրակարգ է։

Թաթոյանը նշել է, որ իրավիճակն էլ ավելի են խորացնում կեղծ օգտահաշիվները, որոնք գործում են խմբերով և հնչեցնում են սպառնալիքներ և բռնության կոչեր: Նա հավելել է, որ սոցիալական մեդիայի ամբողջ հայկական տիրույթը ողողված է հայհոյախառն արտահայտություններով:

Թաթոյանը նշել է նաև, որ 2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված։ Նա տեղեկացրել է, որ 2015-16թթ. համեմատ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը։