Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզ էր այցելել, Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը ներողություն է խնդրել թույլ տված բոլոր սխալների համար։
«Ամեն անգամ ձեզ հետ շփվելիս մտածում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մեր ժողովրդին արժանի չենք։ Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելիին», -ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա հավելել է նաև՝ պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ՝ ինչու այդ փառապանծ հաղթանակից հետո առերեսվեցինք այս դառը պարտությանը։
«Եվ մենք չպետք է վախենանք, փախնենք ինքներս մեզ հետ առերեսվելուց։ Մենք պետք է ուղիղ մեր աչքերի մեջ նայենք և ասենք, թե ինչն ենք սխալ արել, որ հասել ենք մի հանգրվանի, որտեղ գործնականում ելք, ըստ էության, չունեինք, այլ տարբերակ չունեինք։ Մենք բանակցելիս բանակցել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել, կռվելիս կռվել ենք մինչև վերջին վայրկյանը, որ հնարավոր է եղել», – հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։






