AM
10 May 2021 - 14:57 AMT

Ազգային գրադարանում Շուշիի հայկական տպագրությանը նվիրված ցուցադրություն է

Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում բացվել է Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրությունը։

Ներկայացված են Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։

Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։

1827 թվականին բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։

Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից՝ Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։