Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու Covid-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին:
Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին:
Նշվում է, որ շարժական պատվաստումային կետը ծանրաբեռնված էր այցելուներով, որոնք հետաքրքրվում էին, թե ի՞նչ պատվաստանյութով և ի՞նչ կարգով է հնարավոր պատվաստվել:
Ավանեսյանը լսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններն ու պարզաբանել նրանց անհանգստացնող հարցերը:
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։






