AM
13 Մայիս 2021 - 10:07 AMT

ՄԻՊ․ Ընտրություններին մասնակցող բոլոր քաղուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու ատելությունը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով: Այդ մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից:

Պետության բոլոր մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը»,-ասվում է հայտարարության մեջ:

ՄԻՊ աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

«Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը:

Ըստ այդմ, ՄԻՊ աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում»,-ասվում է հայտարարության մեջ:

Քվեարկությանը օրը ՄԻՊ կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։