AM
13 Մայիս 2021 - 10:44 AMT

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքում դեպքերի մանրամասները

ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։