Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է գնահատում Սյունիքում ստեղծված իրավիճակը և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:
Սարգսյանի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի:
«Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:
Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։






