Ադրբեջանցիներն իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին Սյունիքում առաջացած տարածքներից, գրում է «Ազատությունը»։
Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել՝ ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր, ԶԼՄ-ին փոխանցել են Պաշտպանության նախարարությունից։
Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, ՊՆ-ից չեն հայտնում:
«Ազատության» տեղեկություններով` նախօրեին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 6 ժամից ավելի տևած բանակցություններին հայկական կողմից մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության և Զինված ուժերի ներկայացուցիչներ, նաև ռուս բարձրաստիճան զինվորականներ:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։






