ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ ԳՇ պետը պետք է պատասխանատվություն կրի, որովհետև կորցրել ենք ՀՀ սահմանային անվտանգությունը և անձեռնմխելիությունը:
«Ես հետևողական եմ լինելու: Անպատասխանատվությունը չի կարող հավերժ շարունակվել»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Թովմասյանը հավելել է, որ հետպատերազմական որևէ հրատապ քայլ չենք իրականացրել։
«Մեր սահմանագիծը գծագրել է Ադրբեջանը և շարունակում է ամրացնել Ադրբեջանը: Մենք ոչինչ չենք անում, միայն հարմարվում ենք»,-ասել է նա։
Թովմասյանի խոսքով՝ անզեն աչքով նկատելի է, որ թշնամին բավականին առաջ է եկել, և այն հատվածները, որոնք փորձել էինք գոնե չեզոք գոտում պահել, այլևս չկան:
«Պաշտպանություն ակնհայտորեն չկա: Նույնիսկ վարչապետն է ասում, որ առանց կրակոցի 3․5 կմ խորացել են: Նշանակում է՝ մենք չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլև ներուժ՝ դիմակայելու, կամ՝ չենք ուզում: Դա ամենակարևոր հարցն է՝ ինչո՞ւ», – նկատել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքի եթերում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցիներն առանց դիմադրության 3․5 կմ խորացել ՀՀ տարածք, ասել է, թե չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել:Նա ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո սահմանը երկարել է, նաև ձմռան պատճառով չեն հասցրել կահավորել ամբողջ սահմանը։
Մինչդեռ Ադրբեջանը 20 նոր զորամաս է բացել պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքներում։






