ՄԻՊ Արման Թաթոյանը և աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:
2021թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ:
ՄԻՊ աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Բնակիչները նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը:
Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ-ից։