AM
17 May 2021 - 10:22 AMT

ՀՀ է ներկրվել AstraZeneca-ի 2-րդ խմբաքանակը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50,000 դեղաչափ:

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին:

Նա նշել է նաև, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: