AM
17 May 2021 - 13:46 AMT

ՀՀ Պն ղեկավարը՝ Զասին․ Իրավիճակն արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ իրավիճակն արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և մայիսի 17-ին վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է` հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակն արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Զասն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կայանալու է մայիսի 19-ին Դուշանբեում։ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։