AM
19 Մայիս 2021 - 11:07 AMT

Սեյրան Օհանյանին և ևս 4 նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել «Ձորա ՀԷԿ»-ի գույքի օտարման գործով

«Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ևս 4 պաշտոնյայի։

«Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010թ․ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Արդյունքում` պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի որոշման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 դրամ պակաս գումարով:

Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարումից հետո` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի և հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետևանքով, «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019թթ․ ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն անհիմն սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 դրամ գումար:

Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործից հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: