Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանy, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թթ․ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4,921,302,379 դրամի եկամուտը։
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացում) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ):
2002-2018թթ․ Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743,458,821 դրամ, մինչդեռ նրա անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է իրեն փաստացի պատկանող` Երևանում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի անգամ գերազանցող արժեքի 39 հատ անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։
Պարզվել է, որ այդ գույքի պայմանագրային արժեքը 751,268,208 դրամ է, մինչդեռ միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է 4,843,530,000 դրամից ավելի, իսկ Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող ընդհանուր 10 հատ անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391,920,000 դրամին համարժեք 920,000 դոլար։
Այսպիսով, քրգործով հիմնավորվել է, որ Գևորգյանը գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4,100,071,179 դրամ և 391,920,000 դրամին համարժեք 920,000 դոլար։
Քրգործի նախաքննությունը շարունակվում է:
Արմեն Գևորգյանը, անդրադառնալով իրեն առաջադրած մեղադրանքին, ասել է, որ հավանաբար որոշել են ինչ-որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իր գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ», տեղեկացնում է Panorama.am-ը։
Գևորգյանն ասել է, որ երկու օր առաջ Հատուկ քննչական ծառայություն ներկայանալու ծանուցագիր է ստացել, այսօր ժամը 9:00-ից ՀՔԾ-ում են:
«Խոսքը հետևյալի մասին է. դեռևս 2020թ․ ապրիլի 16-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և վերջում ասվում, որ Արմեն Գևորգյանն այդ ամեն ինչի հետ առնչություն ունի: Մասնավորապես, իմ հարազատների, իմ բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, ես այդ ամեն ինչ լվացել եմ, եթե ճիշտ եմ հասկանում: Բայց այն ժամանակ մեղադրանք չէր առաջադրվել, որովհետև, կարծում եմ, այն ժամանակ նաև քննություն էր հասկացել, որ աբսուրդի ժանրից է: Բայց իրենք հաջորդ քայլն են արել՝ այդ գույքերի վրա կալանք են դրել։
Մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել, դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է: Այս պահի դրությամբ ունենք այդ իրավիճակը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանը «Հայաստան» դաշինքի շտաբի պետ է նշանակվել։






