AM
20 Մայիս 2021 - 14:39 AMT

Սեֆիլյան․ Մնում է մեկ ելք՝ «համախմբվել, հեռացնել այդ չարիքին և ստեղծել ազգային կառավարություն»

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մնում է մեկ ելք՝ «համախմբվել, հեռացնել այդ չարիքին և ստեղծել ազգային կառավարություն»։

Նա նշել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրելու է Ադրբեջանի հետ սահմանազատման փաստաթուղթը։

«Հասկանալի է, որ նա որպես սահման նկատի ունի ոչ թե 1920 թ. փետրվարի 24-ին Ազգերի Լիգայի կողմից որոշված պետական, այլ 1921 թ. մարտի 16-ի հայակործան Մոսկվայի պայմանագրի կատարման համատեքստում ստալինյան բռնապետությամբ գծված վարչական սահմանը։

«Նիկոլ Փաշինյանն այլևս արգելակներ չունի, դարձել է թշնամու ձեռքի գործիք և, եթե մնա կառավարման ղեկին, ապա մինչև վերջ հասցնելու է Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական ծրագիրը»,-ասվում է գրառման մեջ։

Նա բոլորին, անկախ իրենց հայացքներից և քաղաքական նախասիրություններից, մայիսի 21-ին, ժամը 19։00-ին հրավիրում է Ազատության հրապարակ։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։