1991 թ դեկտեմբերին, երբ Ալմաթայում ԱՊՀ ստեղծման հռչակագիրն ընդունվեց, բոլոր պետությունները ստորագրեցին այն` ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը։
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Ադրբեջանի հետ դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը քննարկելու ժամանակ՝ արձագանքելով հարցադրմանը` այդյոք դա կնշանակի, որ ԼՂ հարցը փակվում է։
«Եթե էս առումով խնդիր կա, էդ խնդիրը ստեղծվել է 1991 թ դեկտեմբերին՝ եթե կա խնդիր։ Եթե խնդիր կա՝ այդ խնդիրը ստեղծվել է 2010 թ-ին այս դահլիճում, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ արձանագրվել է, որ Շուռնուխից, Սև լճից այն կողմ Ադրբեջանի հանրապետությունն է։ Հիմա այս աղմուկն ինչի՞ մասին է, ո՞վ կարող է բացատրի»,- ասել է նա։
Փաշինյանն ասել է, որ իր իշխանության գործը տեսնում է Հայաստանի համար խաղաղ դարաշրջան բացելու հնարավորության մեջ։
«Այսօր ես տեսնում եմ, որ դրա հնարավորությունը կա։ Պարզապես պետք է քաղաքական կամք ցուցաբերել, և կենացների տրամաբանությունից անցնել կիսատ հարցեր լուծելու տրամաբանության։ Այո, պետք է գնանք ԼՂ հարցի կարգավորման», – նշել է նա։
Այդ կոնտեքստում նա հիշեցրել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետը վերաբերում էր ՄԽ շրջանակում ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսին կամ հարցի լուծմանը. «Այսօր տեսնում ենք, որ համանախագահներն արձանագրում են, որ հարցը լուծված չէ ու պտի լուծվի»։
«Մեր խնդիրը, որպես քաղաքական առաջնորդություն, պիտի լինի՝ գնալ հարցերի կարգավորման, պարտասխանատվություն վերցնել։ Մեծագույն խնդիրը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, բայց իլյուզիաներ չունենաք՝ որովհետև, ցավոք մենակ մեզնից չի կախված», – ասել է նա։






