«Հայաստան» դաշինքը, անդրադառնալով ստորագրվելիք նոր փաստաթղթին, հատարարություն է տարածել ՝ նշելով, որ երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:
«Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է: Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ միջազգային իրավունքով արգելված որևէ գործողությունով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերված ցանկացած համաձայնությունն առ ոչինչ է:
«Ելնելով վերը նշվածից՝
1. Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։
2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները:
3. Կառավարության պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով»,-ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։
Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։






