AM
22 Մայիս 2021 - 09:09 AMT

Razm.info․ Ադրբեջանցիները զբաղեցրել են բարձունք, որը կարող էր հայկական կողմինը լինել

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էին Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ։ Դրա տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին, գրում է Razm.info-ն։

Կոորդինատներն են` 40.18924486527808, 45.96873917393403

«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծն անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում: Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ», – գրում է ԶԼՄ-ն։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։