AM
22 Մայիս 2021 - 11:46 AMT

Խոսրով Հարությունյան. Բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի անվտանգության խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլը կարծես ավարտվել է, բայց պետք է փաստել, որ այն շարունակվում է և բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն օգտվում է օրվա իշխանությունների անգործությունից, և փորձում ռազմավարական այնպիսի դիրքեր վերցնել, որոնք հետագայում սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար և եթե համարժեք և հակադիր քայլեր չկատարվեն, ապա դրանք կարող են անշրջելի հետևանքներ ունենալ Հայաստանի համար, գրում է Panorama.am-ը։

Նկատելով, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձվի Արցախ-Հայաստան կապին՝ Հարությունյանը շեշտել է, որ այսօր առերևույթ այդ կապը չկա։

«Այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, կներեք, բայց դրանք այսօր լոկ դատարկ խոսքեր են հնչում»,- հայտարարել է նախկին վարչապետը և կարծիք հայտնեl, որ դրան պետք է տրվի տնտեսական, քաղաքական և ռազմական նոր գնահատականներ։

Հարությունյանի խոսքով՝ տարածաշրջանը հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում, հետևաբար՝ առկա են նոր սպառնալիքներ Հայաստանի համար։

Ըստ նրա՝ պետք է վերաիմաստավորվի այդ կոնֆիգուրացիայում Հայաստան-Արցախ անվտանգային նոր հայեցակարգը՝ դինամիկ զարգանալու համար անշրջելի երաշխիքներ ստեղծելու համար։

«Որևէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման մեծ պայմանագրի իրավական կարկասը»,- հայտարարել է Խոսրով Հարությունյանը՝ միևնույն ժամանակ չժխտելով փաստաթղթի դերը արյունահեղության դադարեցման մեջ, բայց և պահանջելով, որ այդ սկզբունքը հաշվի առնվի հետագա անվտանգային հարցերի գնահատման ժամանակ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։