Մայիսի 24-ին կայացել է Երևանի SMD բժշկական պարագաների գործարանի արդյունաբերական համալիրի 2-րդ միավորի հիմնարկեքի արարողությունը։ Ներդրումային ծրագրի ծավալը կազմում է ավելի քան 40 մլն դոլար, կստեղծվի 400 նոր աշխատատեղ։
Գործարանի արդյունաբերական համալիրի երկրորդ միավորը հագեցած է լինելու բժշկական պարագաների արտադրության ամենաժամանակակից և նորարարական սարքավորումներով և տեխնոլոգիաներով։
Ըստ ծրագրի՝ կթողարկվի բժշկական և լաբորատոր նշանակության, մեկանգամյա օգտագործման մոտ 50 անուն պարագա, մասնավորապես՝ ներարկային կատետրներ, զոնդեր, ասեղներ, ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման պոլիմերային լաբորատոր պարագաներ և այլն: Գործարանի արտադրանքի իրացման հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ն, ԵԱՏՄ-ն, Մերձավոր Արևելքի երկրները:
Գործարանի հիմնադիր-նախագահ Հայկ Մաղաքելյանն իր ելույթում նշել է, որ ուժեղ և հզոր պետությունը տնտեսապես զարգացած պետությունն է, իսկ տնտեսության զարգացման համար հարկավոր են ներդրումներ։
Միջոցառմանը մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Մինչ հիմնարկեքի արարողությունը, միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել արդեն գործող գործարանով և ծանոթացել արտադրական պրոցեսին։






