AM
25 Մայիս 2021 - 11:39 AMT

Նախընտրական քարոզչության համար եթերի ամենաբարձր սակագինը 100,000 դրամ է՝ 1 րոպեի համար

Հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ՀՀ-ում գործող հեռուստա և ռադիոեթերների վճարովի եթերաժամերում կարող են հանդես գալ նախընտրական քարոզչությամբ:

Եթերի ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները, ամենամատչելին՝ «Դար-21»-ը, գրում է «Հայկական ժամանակը»։

Հանրայինում 1 րոպեի սակագինը 45,000 դրամ է:

Անհամեմատ բարձր է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններում 1 րոպեի սակագինը՝ 100,000 դրամ: «Կենտրոն» ՀԸ եթերում 1 րոպե քարոզչություն կարելի է անել 40,000 դրամով: Նույն սակագինն է սահմանվել «Ա-Թիվի»-ի դեպքում:

«Երկիր Մեդիա»-ում մեկ րոպեի սակագինը 36,000 դրամ է, «Մեր Թիվի»-ում (Freenews.am) 25,000 դրամ, «Արմնյուզ»-ում՝ 20,000 դրամ, «5-րդ ալիք»-ում՝ 12,000, «Նոր Հայաստան»-ում՝ 11,144, «Դար-21»-ում՝ 8000 դրամ:

Համեմատաբար մատչելի են մարզային հեռտուստաընկերությունների սակագները: Արագածոտնի մարզի «Դելտա Թիվի»-ով մեկ րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել՝ կախված օրվա ժամից 3000-16,000 դրամով:

Գեղարքունիքի մարզի «Գեղամա» ալիքով գովազդը 12,000 դրամ է: Լոռու մարզում «Ֆորտունա» հեռուստաալիքով գովազդի գինը գրեթե հավասար է հանրապետական սփռում ունեցող ալիքներին՝ 25,200 դրամ:

Սահմանվել է նաև ռադիոեթերի 1 րոպեի սակագինը: «Առաջին ծրագրով» մեկ րոպեն արժե 1800 դրամ: Սա ամենամատչելին է: Մյուս ռադիոընկերություններով 1 րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել ստորև ներկայացվող սակագներով.

«Երևան ՖՄ» – 3480 դրամ, «Ռադիո Ջան» – 3200 դրամ, «Ռադիո Հայ» – 2700 դրամ, «Ավտոռադիո» – 3900 դրամ, «Եվրոպա պլյուս» – 3480 դրամ, «Հայ Էֆէմ» – 3000 դրամ, «ԻՄՊՈՒԼՍ» ռադիոծրագիր» – 2900 դրամ, «Ռադիո Շանսոն Երևան» – 2500 դրամ, «Ռադիո Մարշալ» – 2500 դրամ, «Արմնյուզ ՖՄ» ռադիո – 2000 դրամ։

Քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին: