AM
26 May 2021 - 08:05 AMT

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն մայիսի 25-ի երեկոյան հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Արցախում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ», – ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է եղել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։