«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով հայ զինծառայողների գերեվարմանը Գեղրաքունիքում, հայտարարել է, որ եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, կգործի «գերիներ՝ գերիների դիմաց» սկզբունքը։
Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանն անընդհատ իրականացնում է պրովոկացիոն գործողություններ՝ մեզ դրդելով համապատասխան քայլերի, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Քոչարյանն ասել է, որ այսօրվա իրողությունները թելադրում են, որ ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրները, դուրս գան դանդաղկոտության իրավիճակից, դառնան կենսունակ և խնդիրներ լուծող։
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը, առևանգելով հայ զինծառայողներին, սահմանային շատ ծանր իրավիճակ է առաջացրել թե իրենց, թե հայկական կողմի համար։
«ՀԱՊԿ-ը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի, սակայն կարևոր է նաև՝ մենք ինչքանով կարող ենք վերահսկել իրավիճակը: Ուստի ժամանակն է, որ մտածենք մեր մոբիլիզացիոն ռեսուրսի վերապատրաստման և համախմբման մասին, ինչը 20 տարի չի արվել։ Բոլոր սցենարները պետք է ունենանք մեր տեսադաշտում, քանի որ իրավիճակը կարող է ավելի լարվել, իսկ առջևում ընտրություններ են, դա էլ իր ներքին լարվածությունն է առաջացնում»,- ասել է պատգամավորը։
Քոչարյանը նաև նշել է, այս պահին լարվածության օջախները երկուսն են։
«Մենք ունենք լարվածության 2 ուղղություն՝ Սյունիքը և Գեղարքունիքը, չի բացառվում, որ էլի լարվածության օջախներ ունենանք, բայց դա փաստում է այն մասին, որ երկրի ներսում և զինված ուժերում պետք է ժամ առաջ ունենանք զարգացումների հնարավոր կանխարգելման մշակված գործողություններ»,- ասել է Քոչարյանը:
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։






