Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության տոնի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այս տոնը մարմնավորում է անկախ պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր ձգտումը՝ նշելով, որ Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող:
«1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու և մեր բնօրրանում ապրելու իրավունքը։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները՝ Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, ողջ հայկական բանակն ու աշխարհազորայինները, զենքը ձեռքին կռվող հոգևորականները դարձան Հայաստանի անկախության կերտողները»,-ասվում է ուղերձում:
Փաշինյանը նշել է նաև, որ այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, ովքեր առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի և ջրի վրա:
«Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության:
Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման:
Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին:
Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է, որից հետո, անկասկած, հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով: Ուստի միասին դեպի գործ և աշխատանք»,-ասվում է ուղերձում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին:






