Հայաստանցիները երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերն են համարում քաղաքական անկայունությունը և գերիների վերադարձը։ Այդ են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքները։
Հարցումն անցկացվել է ապրիլի 8-ից մայիսի 4-ը, մինչև իրավիճակի լարումը ՀՀ սահմաններին։
Ըստ հարցման արդյունքների՝ մասնակիցների 12%-ը կարևորագույնն է համարում քաղաքական անկայունությունը, 11%-ը՝ գերիների վերադարձը, 11%-ը՝ գործազրկությունը։
Պատասխանելով քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքի մասին հարցին` մասնակիցների 45%-ը դրական է գնահատել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և 40%-ն՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանինը։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը հավանություն է տվել 25%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` 20 %-ը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 11%-ը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ 10%-ը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին՝ 7%-ը։
Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 72%-ն ասել է, որ անպայման կամ հավանաբար կմասնակցի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
Ընդ որում, քաղաքական ուժերի վարկանիշներն անկում են ապրում․ փետրվարին անցկացված հարցման համաձայն, «Իմ քայլի» կամ ՔՊ-ի օգտին քվեարկել պատրաստ էր հարցման մասնակիցների 33%-ը։ Մինչև մայիսի 4-ը (այսինքն՝ Սյունիք ու Գեղարքունիք ադրբեջանցիների ներխուժումը) անցկացված հարցումը ցույց էր տվել իշխող ուժի վարկանիշի անկում մինչև 26% կամ 7%-ով։ Մնացած ուժերին քվեարկել պատրաստ մարդկանց թիվը 1-1․5 տոկոսի շրջակայքում է։
Հարցումն անցկացվել է ապրիլի 8-ից մայիսի 4-ը հեռախոսային եղանակով, պատահական ընտրականության շրջանակում։ Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր ՀՀ 1203 մշտական բնակիչ, ինչպես նաև ևս 299 մասնակից որոշ շրջաններից։ Սխալի հավանականությունը չի գերազանցում 2․5 միավորը։ Պատասանողների թիվը եղել է 37 տոկոս։






