ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Սպիտակում արված հայտարարությանը, ասել է, որ վերջինս չի ասել, թե հպարտ է պարտությամբ։
Մակունցը հավելել է, որ Փաշինյանը հպարտ է ոչ թե պարտությամբ, այլ հայ զինվորների սխրանքով, որոնք ծանր պատերազմում կարողացան «պահել Արցախը, թեկուզ վիրավոր, ու Հայաստանի Հանրապետության սահմանները», տեղեկացնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ Փաշինյանի ելույթի տեսագրությունը տեսած յուրաքանչյուր անձի համար պարզ է, որ խոսքի երկու մասը վերաբերում են տարբեր կոնտեքստների:
Սպիտակում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է։ Բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը»:






