AM
31 Մայիս 2021 - 13:01 AMT

ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Արկադի Խաչատրյանը չեն մասնակցի արտահերթին

Ազգային ժողովի պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Արկադի Խաչատրյանը չեն մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրանք տարբեր խմբակցություններից են։

«Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է։

«Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։

Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և' իշխանությունը, և' ընդդիմությունը։ Խնդրում եմ անպայման ծանոթացեք նախընտրական ծրագրերին, հետևեք քաղաքական գործիչների ելույթներին, քվեարկեք գաղափարների և այս բարդ իրավիճակում իրատեսական լուծումներ առաջարկող քաղաքական ուժի/ուժերի օգտին»,-գրել է նա։

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը, անդրադառնալով ԼՀԿ նախընտրական ցուցակում չընդգրկվելուն, նշել է, որ դա իր որոշման արդյունքն է, որը պայմանավորված է օրենսդիր մարմնում իր գործունեությունը չշարունակելու և ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։

«Վստահ եմ, որ ՀՀ առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախ և առաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն մեր միասնականությամբ և համախմբմամբ։ Չկա ավելի մեծ չարիք, քան մեր ժողովրդի պառակտումն է, թշնամանքի, անհանդուրժողականության և անվստահության սերմանումը։

Միթե՞ չենք հասկանում, որ թշնամին հենց դա է ուզում։ Անկախ գալիք ընտրությունների արդյունքներից՝ կոչս բոլոր քաղաքական ուժերին կլինի՝ որևէ պարագայում չգնալ վենդետաների, հանուն մեր պետականության պահպանման և ժողովրդի անվտանգության, հանուն զոհված և հերոսացած հայորդիների հիշատակի՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ապահովել ազգային միասնականությունն ու համախմբումը, ստեղծել ազգային համերաշխության հարթակ, հրավիրել բոլոր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու և տեսլական ունեցող մարդկանց, այդ թվում՝ սփյուռքից, առանց «սևերի և սպիտակների»։ Ի հեճուկս թշնամու՝ մենք ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, ուս ուսի տված, անելու ենք գիտելիքով, քրտնաջան աշխատանքով և մեր միասնականությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։