AM
31 Մայիս 2021 - 14:12 AMT

ԱՆ․ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ նույնականացված են

Առողջապահության նախարարությունը, արձագանքելով համացանցում հայտնված տեղեկություններին, պաշտոնապես հայտնել է, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ փորձաքննված և նույնականացված են։

Համացանցում լուրեր են տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։

«Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:

Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։

Մայիսի 31-ին անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողները փակել էին Հերացի փողոցը՝ զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ են ի հայտ եկել։ Զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում տեղեկացրել է, որ 200 մարմին է հայտ եկել: «Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,-ասել է նա։

«Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ անալիզի ենթարկված չէ: Ամբողջական մարմին է, բայց ԴՆԹ արված չէ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասել է Ղուկասյանը: