AM
1 Հունիս 2021 - 08:20 AMT

Փոխվարչապետի ԺՊ․ Գաղտնի փաստաթուղթ կամ հավելված չկա, չի կարող լինել

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում ճեպազրույցում անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, ասել է, որ բոլորի համար առաջնային են ազգային շահերը։

Նա վստահեցրել է, որ որևէ գաղտնի փաստաթուղթ կամ հավելված չկա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մայիսի 31-ին Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

«Ես չեմ կարծում, որ նմանատիպ խնդիր գոյություն ունի, բնականաբար, բոլորիս համար առաջնային են ազգային շահերը․․․ Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ հավաստիացնել, վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,- ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ նա ասել է. «Չկա մի առիթ կամ հանդիպում, որտեղ այդ հարցը չի քննարկվում, հուսով եմ՝ այդ հարցը լուծում կստանա, բայց կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»:

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։

Ընթերցեք նաև․ Գրիգորյան․ Ապաշրջափակման հարցով կոնտակտներն ընդհատվել են, միջանցքային հարցեր չենք քննարկելու