AM
1 Հունիս 2021 - 09:34 AMT

Փաշինյանի խոսնակը՝ Աբովյանում դիերի ոչ պատշաճ պահման մասին․ Թերացած պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում դիերի ոչ պատշաճ պահմանը, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին՝ ապահովել պատշաճ պայմաններ, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Երեկվա դեպքն անթույլատրելի է ցանկացած պարագայում և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։

Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաև առողջապահության նախարարությունը, և բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու և թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Գևորգյանը։

Ավելի վաղ Առողջապահութան նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով մայիսի 31-ին Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստին, գրել է, որ ուզում է նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,-գրել է նաև՝ հավելելով, որ ծառայողական քննություն կանցկացվի:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Աբովյանի տուբերկուլոզի հիվանդանոցի «դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում» պոլիէթիլենային տոպրակներով։ Նաև լուսանկարներ են հրապարակվել։ Առողջապահության նախարարությունը, արձագանքելով համացանցում հայտնված տեղեկություններին, պաշտոնապես հայտնել է, որ Աբովյանի մասնաճյուղում գտնվող մի քանի մասունք ու դիակ փորձաքննված և նույնականացված են։