Հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ Գագիկ Ծառուկյանն օլիգարխներ չեն։
«Տնտեսվարողն օլիգարխ չէ։ Ապօրինի հասրտացած մարդիկ են օլիգարխները, օլիգարխներն այն մարդիկ էին, որոնք կառավարում էին երկիրը»,- ասել է «Սիլ» կոնցերնի հիմնադիրը՝ հավելելով, որ 2005-ից չի կառավարում կոնցերնը։
Նա հավելել է՝ իհարկե, բիզնեսի կառավարումը պետք է անջատված լինի սեփականատիրոջից։
Անդրադառնալով հարցին թե, ինչու է որոշել մտնել քաղաքականություն և ընդգրկվել իշխող կուսակցության ցուցակում, նա ասել է, որ նախկինում էլ նշել է՝ եթե վտանգ տեսնի երկրի համար, կաջակցի իշխանություններին։
«Հասարակությունը պետք է գիտակցի, որ այս նոր սահմանադրությամբ կառավարման համակարգը շատ խոցելի է, իշխող կուսակցությունը պետք է պարտադիր 60 տոկոս հավաքի, որպեսզի խորհրդարանում մեծամասնություն ունենա, որ խնդիրներ չառաջանան և երկիրը կարողանա կայուն զարգանալ»,- ասել է նա։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։






