«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը քարոզարշավի առաջին օրը բուկլետներ է բաժանել, իսկ հետո՝ քայլարշավ իրականացրել Երևանի կենտրոնում, հայտարարել է, որ իրենց հիմնական ուղերձն է՝ երկրին ներքաղաքական հաշտություն, խաղաղություն։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում և Երևանում, և Սյունիքում: Սյունիքում են Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Անի Սամսոնյանը և այլ պատգամավորներ։
«Մեր հիմնական ուղերձն է՝ երկրին ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, համախմբում, միասնականություն, վերջում՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է: Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»,-ասել է Մարուքյանը, գրում է Panorama.am-ը:
Նա հավելել է, որ իրենց համար հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո պետք է երկրում միասնականությունը վերականգնվի:
Նա նշել է, որ սա ծրագրային քարոզարշավ չէ, ՀՆԱ-հարկեր խոսակցություն չէ, առողջապահական ռեֆորմի մասին չէ:
«Այս պահին եղած վիճակն այնպիսին է, որ եթե երկրի ներսում չմիասնականանանք, իրար բախվենք, թշնամին գրավելու է մեր երկրից հատվածներ, հետևաբար՝ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխություն վերականագնելն է: Առանց ներքին համերաշխության ո՞նց եք պատկերացնում, որ ծնողները համերաշխ իրենց տղաներին ուղարկում են բանակն, ինչպես եք պատկերացնում, որ սպայական կազմը բանակաշինությամբ է զբաղվում, երբ երկրի ներսում շարունակաբար ցնցումներ են:
Մեր անվտանգությունն ամրագրելու հիմքում ընկած է մեր միասնականությունը: Եթե մենք ներսում կռվենք իրար հետ, վստահեցնում եմ՝ թշնամու զորքերը շարժվելու են առաջ»,- ասել է Մարուքյանը:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։






