Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:
Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:
«Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ): Դրանից բացի, նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: