Հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղուժերի տարբեր անդամներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես պատգամավորի թեկնածու գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
ԿԸՀ ներկայացվել է 7 ինքնաբացարկի դիմում, որոնցից մերժվել է միայն 1-ը՝ դիմումատուի կողմից նիստին չներկայանալու և դիմումը նոտարական կարգով կնքված չլինելու հիմքով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Մասնավորապես, ԿԸՀ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աղունիկ Հակոբյանը, Արտյոմ Պողոսյանը և Գագիկ Տոնոյանը՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, դիմումները ներկայացվել են նոտարական հաստատմամբ, ուստի՝ վերջիններս ներկայությունը նիստին պարտադիր չէր:
ԿԸՀ-ն 7 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ բավարարել է ինքնաբացարկի դիմումները։
ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության անդամ Միքայել Միքայելյանը և «Միասնական Հայրենիք» կուսակցության թեկնածուներ Շուշան Ավետիսյանը և Արմինե Օհանյանը, որոնք ԿԸՀ նիստին պնդեցին իրենց դիմումը՝ խնդրելով գրանցումն ուժը կորցրած ճանաչել, ինչը բավարարվեց՝ 7 կողմ ձայնով։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու գրանցված Գոհար Ազատյանի դիմումը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, ԿԸՀ-ն մերժեց, քանի որ Ազատյանը, թեև պատշաճ ծանուցված էր նիստի օրվա և ժամի մասին, չէր ներկայացել նիստին և չէր պնդել դիմումը, ինչը պարտադիր պայման է, եթե այն վավերացված չէ նոտարի կողմից։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։






