AM
9 Հունիս 2021 - 10:19 AMT

Գորգիսյան․ Եթե այս լարվածությունը շարունակվի, հնարավոր է՝ հունիսի 20-ից հետո բախումներ լինեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, Աջափնյակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պառակտվածությանը, ասել է, որ եթե այս լարվածությունը շարունակվի և ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմի ատելության քարոզը, շատ հնարավոր է հունիսի 20-ից հետո ունենանք բախումներ։

«Տեսնում ենք՝ ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում ու հայհոյում են։ Առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել։ Ամեն կողմն իր ճիշտը համարում է բացարձակ և պատրաստ է մինչև վերջ գնալ դա ապացուցելու համար, ինչը վերածվելու է քաղաքացիների միջև բախումների»,-ասել է Գորգիսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Գորգիսյանն ասել է.

«Որևէ լուրջ խնդիր չենք կարողանալու լուծել, եթե շարունակենք այսպես պառակտված լինենք։ Երբ մենք պառակտված ենք եղել, երբ մեր երկրում ժողովուրդն իրար դեմ է պայքարել, ունեցել ենք սահմանների խախտում, տարածքների կորուստ ընդհուպ պետականության կորուստ»։

Նա հավելել է, որ ԼՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի և համատեղ ուժերով կարողանանք առաջ շարժվել։

«Հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը հանգեցրել է նրան, որ կա վարչապետ գրեթե բացարձակ իշխանությամբ»,-ասել է Գորգիսյանը՝ հավելելով, որ ավելի բալանսավորված համակարգ ունենալու համար պետք է լիազորությունների մի մասը նախագահին և ԱԺ-ին տրամադրվի, որպեսզի ամբողջ երկրի ճակատագիրը մեկ անձից կախված չլինի։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։