AM
11 Հունիս 2021 - 10:48 AMT

Փաշինյան․ Անկալվը պետք է փոխանակվի անկլավի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Բերդում բնակիչների հետ հանդիպմանն անդրադառնալով անկլավների հարցին, ասել է, որ Տավուշի մարզի տասնյակ կիլոմետերեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Նա հավելել է, որ այդ հարցը դրել են բանակցային սեղանին և ասել, որ այն պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։

«Մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ: Մեր տրամաբանությունն այն է, որ ինչ Ադրբեջանի հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», – ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ մեր գյուղերում վարելահողեր կան, որոնք ադրբեջանցիների տիրապետությւան տակ են և այդ տարածքները հատկապես մեծ են Տավուշի մարզում։

Մայիսի 20-ի կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

ՄԻՊ-ը հայտարարել էր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը։ «Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» են և այլն»,-գրել էր ՄԻՊ-ը: