AM
15 Հունիս 2021 - 07:20 AMT

Առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք է բացահայտել

Ազգային անվտանգության ծառայությունը մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք է բացահայտել։

Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա-ն և Ղ. Ա-ն, նրանց ազգական Հ.Ի-ն դեռևս չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով, ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերով` 5,250,000 դրամին համարժեք 201 հատ 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10,050 դոլար:

Այնուհետև նախապես միմյանց միջև կատարելով գործողությունների դերաբաշխում, քողարկված բնույթի հեռախոսազրույցների, ինչպես նաև հանդիպումների միջոցով իրար հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նշված կեղծ փողերից 181 հատ 50 դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9,050 դոլարը 2021 թվականի մայիսի 10-ին Ղ. Ա-ի միջոցով իրացրել են առևտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք ՀՀ դրամի։ Իսկ 522, 000 դրամին համարժեք՝ 20 հատ 50 դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1,000 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում Գ. Ա.-ի միջոցով Երևանում հանձնել են Լ. Կ-ին, որպիսի գործողություններով խաթարվել է ՀՀ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը:

Կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով Գ. Ա-ն, Ղ. Ա-ն և Հ. Ի-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են: