AM
16 June 2021 - 10:25 AMT

Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվել է 5․5 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին՝ դատապարտելով 5․5 տարվա ազատազրկման։

«Քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա 3 տարի 6 ամիս ժամկետով կկրի իր պատիժը»,–ասել է դատավորը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առաձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու հատկանիշներով։

ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։

Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։