Հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Նիկոլ Փաշինյան անունով համազգային աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է «Ազատություն» կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։
Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է. Նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով»,- նշել է նա։
Բագրատյանը նշել է, որ «նրանք բոլորը Ջաբրայիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները»։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։






