AM
17 Հունիս 2021 - 09:36 AMT

Սողոմոնյան․ Քոչարյանի հարցազրույցը Հանրայինին չի կայանա

«Հայաստան» դաշինքի անդամ, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը չի կայանա։

Նա տեղեկացրել է, որ Հանրայինի հետ պայմանավորվածություն են ունեցել, որ Քոչարյանը հարցազրույց կտա և այն պետք է տեղի ունենա նախագահի համար հարմար վայրում, ինչպես դա տեղի է ունենում վերջին բոլոր տարիներին:

«Նման պրակտիկա կա. այդ կարգավիճակն ունեցող մարդկանց համար հեռուստաընկերությունները հատուկ մոտեցում են ցուցաբերում»,- ասել է նա ասուլիսում, տեղեկացնում է «Առավոտը»։

Պայմանավորվածությունից մի քանի օր հետո, «Հանրային» ՀԸ տնօրինությունը կտրականապես դեմ է արտահայտվում, որ լինի արտագնա հաղորդում։

«Իրենք պայման դրեցին, որ մենք պետք է գնանք տաղավար։ Մեզ համար ցանկացած նախապայմանի առկայությունն այս պարագայում արդեն խնդրահարույց է: Բայց նաև հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում. գուցե պայմանավորվենք տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս 1-2 օր առաջ չեղարկվեց»,-ասել է Սողոմոնյանը:

Ինչ վերաբերում է դեբատներին, ապա ըստ Սողոմոնյանի, դրանք հանրության աչքում կորցրել են նաև իմաստը. «Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի հետ նույն վայրում գտնվելն ամոթալի է, ուր մնաց՝ ինչ-որ բանի մասին բանավիճելը»:

Սողոմոնյանն ամփոփել է նախընտրական քարոզարշավը. «Հայաստան» դաշինքում գոհ են արդյունքներից, լավ ընդունելության են արժանացել, ինչի համար շնորհակալ են հանրությունից: Դաշինքում երեք նպատակ են դրել, երեքին էլ հասել են`ներկայացնել ներառական ծրագիրը, որը քարոզարշավի ընթացքում հնչած տարբեր առաջարկներով կհամալրվի և կդառնա կառավարության ծրագիր, ներկայացնել թիմին, որ պայմանական անվանել էին ՀՀ պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը, վերադարձնել քաղաքական քաղաքակիրթ բանավեճը»:

Վերջինի առումով նույնպես համարում են, որ հաջողել են, թեև իշխանական թիմի ճիշտ հակառակ դրսևորման ֆոնով:

Քարոզարշավի ընթացքում, ըստ Սողոմոնյանի, հաջողել են նաև հասնել նրան, որ հանրությունը «թացը չորից» զատի և հաստակ երևա, որ այս տարիների ընթացքում Քոչարյանի մասին տարբեր հերյուրանքներ և ստեր են տարածվել ու տիրաժավորվել:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։