«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կանխատեսմամբ՝ լինելու են հետընտրական ցնցումներ. փորձելու են տանել բախումների, մեկն ասելու է՝ ես եմ հաղթել, մյուսն՝ ես եմ հաղթել։
Նա նշել է, որ Հայաստանում որևէ ուժ չի կարող համարվել ամբողջ ժողովրդի աջակցությունը վայելող կամ ժողովրդի առաջնորդ, բոլորը դարձել են սովորական քաղաքական գործիչներ, այլևս հեղափոխության իրողությունները չկան, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Մարուքյանը հավելել է, որ ըստ էլեկտորալ իրավիճակի՝ ոչ մի ուժ չի հաղթելու ընտրություններում, այլ՝ ինչպես ասում է ԼՀԿ-ն, պետք է հաղթի ժողովուրդը, և Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որտեղ «բոլորն իրենց ճիշտը մի կողմ են դնելու և աջակցելու են կառավարությանը»:
Նրա գնահատմամբ՝ այս քարոզարշավն ատելության, բռնության, սպառնալիքի նաև հետամնացության քարոզարշավ էր:
«Մենք փորձեցինք կոտրել սև ու սպիտակի մթնոլորտը, թե որքանով հաջողվեց, դա արդեն ժողովուրդը կդատի: Հույս ունենք, որ մեր բերած օրակարգը ժողովրդի հավանությանը կարժանանա»,-ասել է Մարուքյանը:
Ըստ նրա, ոչ մի ուժ չի ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես եմ հաղթել, ստիպված համակերպվելու են 20%-անոց ձայների հետ։
«Գալու են խելոք, նստեն կլոր սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն: Ժողովրդի ձեռքում է՝ հետընտրական ցնցումներ կլինե՞ն, թե չէ, եթե ժողովուրդը չաջակցի իրեն ցնցումների տանող ուժերի, ցնցումներ չեն լինի»,-ասել է Մարուքյանը:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։






