AM
17 Հունիս 2021 - 11:20 AMT

Պատգամավոր․ Թաթոյանի հրապարակումների արդյունքում ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՄԻՊ-ի՝ իրեն առնչվող գրառմանը, հայտարարել է, որ Արման Թաթոյանի հրապարակումների արդյունքում ստանում է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։

«Թաթոյանի ինձ վերաբերվող հրապարակմանը հաջորդել է նրա հրապարակումներից հետո սովորական դարձած լկտի ֆեյքային գրոհը իմ, մեր կուսակցության և խմբակցության էջերում իմ հրապարակումների վրա»,-գրել է նա՝ բերելով հետևյալ մեջբերումը՝ «դու ո՞վ ես, որ Թաթոյանին բան ասես, չաքուճը իջնելու է գլխիդ»։

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այս և նմանատիպ այլ հարյուրավոր մեկնաբանությունները՝ գրված ֆեյքերի բանակների կողմից, գրգռված են հենց պարոն Թաթոյանի հրապարակումից, որը, կարծում եմ՝ չափազանց միակողմանի էր և կտրված իրականությունից։ Կարծում եմ նաև, որ ֆեյքերի հետևում կանգնած քաղաքացիները հետևում են պարոն Թաթոյանի էջում տեղ գտնող և չհեռացվող մեկնաբանություններին ու նաև ծանոթ են պարոն Թաթոյանի՝ պաշտոնատար անձանց էջերում տեղ գտնող մեկնաբանությունների մասով կարծիքին։

Այսպիսով պնդում եմ, որ պարոն Թաթոյանի հրապարակումները և պնդումները գրգռում են ֆեյքային բանակների կողմից ատելության խոսքի մի ամբողջ հեղեղ, որը թափվում է պարոն Թաթոյանի հրապարակումների թիրախը դարձած գործիչների գլխին, բայց ինչն առավել կարևոր է՝ պարոն Թաթոյանը ոչ միայն չի հեռացնում այդ ատելության հեղեղը իր պաշտոնական էջից, այլև ոչ մի դատապարտող կամ սաստող արտահայտություն չի անում այդ մասով, իսկ բանը արդեն հասել է նրան, որ Թաթոյանի հրապարակումից հետո արդեն գործ ունենք փաստացի սպառնալիքի հետ»,-ասվում է պատգամավորի գրառման մեջ։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՄԻՊ նկատմամբ։ Մասնավորապես, խոսքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասին է։

«Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր»,-ասվում էր ՄԻՊ գրառման մեջ։