AM
18 Հունիս 2021 - 13:32 AMT

Մարուքյան․ ԼՀԿ-ն ընտրություններից հետո փողոց դուրս գալը բացառելու կողմնակից է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ընտրկացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ ԼՀԿ-ն կրկին երրորդ ուժն է լինելու խորհրդարանում:

«Ես տոկոս չեմ կարող ասել, քվեարկությունից դա կերևա, բայց զարգացումներն այդ ուղղությամբ են գնում»,- նշել է նա:

Մարուքյանը հայտարարել է նաև, որ «Լուսավոր Հայաստանը» հիմա հանդես է ընտրություններից հետո փողոց դուրս գալը ընդհանրապես բացառելու կողմնակիցն է, գրում է Panorama.am-ը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք, եթե ԼՀԿ-ն չանցնի խորհրդարան, հունիսի 21-ին փողոց է դուրս գալու՝ Մարուքյան ասել է. «Ինչի՞ համար: Այսինքն փողոց են դուրս գալիս նրանք, որոնք չե՞ն անցնում: Չանցնելու տարբերակ չկա: Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել մեկ դեպքում, եթե օրինակ, ընտրությունները կեղծվում են, եթե, օրինակ, արհավիրք է տեղի ունենում երկրում»։

Նա ընդգծել է, որ ժողովուրդն ուզում է և պարտադրում է համախմբում, ժողովուրդը չի հարցնում՝ սրան ես սիրում, թե չես սիրում, ժողովուրդն ասում է՝ համախմբվենք, «հերիք ու բոլ եղավ, երկիրն ունի ավելի մեծ մարտահրավերներ, քան ձեր ներքին խնդիրներն են»:

«Եթե մենք բոլորին համախմբելու, համերաշխության կոչերով գալիս ենք, ի՞նչ փողոց: Մենք փողոցները, խորհրդարանի մուտքերն ազատել ենք արտահերթ ընտրություններ նշանակելով»,-ասել է Մարուքյանը:

Ըստ նրա, «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որը չարտագաղթելու պլան է ներկայացրել, դա համերաշխությունն է, մյուս բոլոր պլաններն արտագաղթելու մասին են:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։