Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Տավուշի նախկին մարզպետի գրառմանը, գրել է, որ ֆեյսբուքյան հոխորտանքը հստակ նկարագիր է նրա և իր «մրճահար» թիմի համար, իսկ Հայրենիքն ու պետությունը մնացել են «անկլավի» տրամաբանությամբ և հոգեբանությամբ։
«Ցանկություն չունեի որևէ բան գրելու այս լռության օրով, սակայն քանի որ աղմկարարները խախտել են այն՝ անդրադառնամ Տավուշի նախկին մարզպետի գրառմանը իր բոլոր ելևէջումներով, այսուհանդերձ այն նկատելով որպես գլխավոր «մրճահարի» և իր թիմի հավաքական արտահայտություն»,-գրել է նա։
Տավուշի նախկին մարզպետը գրել էր․ «Այո՛, սա չէր կարող դուր գալ, և հիմա չէին կարող ռևանշի դուրս չգալ բոլոր նրանք, ովքեր վերջին 3 տարիներին զրկված են բյուջեն և բիզնեսները թալանելու տասնամյակներ շարունակված արտոնությունից, սարսափած՝ իրենց թալանածը ժողովրդին վերադարձնելու այս հեռանկարից, ատամները կիճտացնելով սպասում և աղոթում էին, որ այս կառավարությունը սխալվի, սայթաքի, որպեսզի վերադարձնեն թալանի և ամենաթողության, քծնանքի և տգիտության ժամանակները, որտեղ իրենք երջանիկ էին՝ ուրիշների դժբախտության հաշվին»:
Գալստանյանը մասնավորապես գրել է․ «Ես չեմ խոսելու, որ «մրճահարը» և Ձեր թիմը թաղել է մեր հպարտության աղբյուր և երազանքների իրականացում Արցախ աշխարհը, չեմ ասելու, որ հայրենազրկել եք մեզ, պատվազրկել ու արժանապատվությունը գողացել, չեմ ասելու, որ պատերազմը բացառիկ ապիկարությամբ վարելով հազարավոր զոհված և խեղված կյանքերի պատճառ դարձաք, չեմ ասելու, որ հարյուրավոր հերոսների մարմիններ ամիսներ շարունակ նետել եք այս կամ այն խորդանոցներում՝ պարկերի մեջ զետեղված, չեմ ասելու, որ շուրջ 8 ամիս շարունակ մեր Հայրենիքի սահմանները թշնամուց ոտնակոխ են արված, չեմ ասելու, որ մեր Հայրենիքն ու պետությունը ձեզ համար մնացել են «անկլավի» տրամաբանությամբ և հոգեբանությամբ… Այս բոլորը չեմ ասում, որովհետև պարզվում է, ձեզ համար այս ամենը արժեք չեն ունեցել և չունեն»:
Տավուշի թեմի առաջնորդը գրել է, որ խոսելու է Տավուշի-ՏաՀույսիս մասին։
«Հիշեցման կարգով նշեմ, որ Տավուշի «տասնամյակների թալանի» վերաբերյալ Ձեր հիշատակած մարզպետներից է եղել նաև Արմեն Ղուլարյանը (ում ես անձնապես հարգում եմ) և կխնդրեմ Ձեր գրառումն իրեն ևս ցույց տաք: Ձեր նշած «քծնանքի և տգիտության ժամանակների» մասին. ե՞րբ են Տավուշի դպրոցներում ներդրվել «Արմաթ» լաբորատորիաները և ե՞րբ և ովքե՞ր էին խոչընդոտում հոգելույս և սիրելի Ձեր իսկ ընկերոջ Կարեն Վարդանյանի տեսիլքի իրականացմանը: Արդյո՞ք Դիլիջանի համայնքապետի ժպ-ի նշանակումը Ձեր սրտով էր և Դուք մասնակցություն ունեցա՞ք այդ գործում որպես մարզպետ: Տավուշի մարզպետությունը եղբայրական ժառանգության վերածելու գործում Դուք, որևէ աղերս ու ասելիք ունեցա՞ք:
Արդո՞ք կարողացաք չփակել Աչաջրի կենսական նշանակություն ունեցող ծննդատունը կամ կարողացա՞ք արգելել Աչաջրի կենտրոնում կառուցվող «բուտկան» (իմ բառերը չեն): Արդյո՞ք կարողացաք Իջևանի արվեստի կենտրոնը փրկել այլ ծառայությունից՝ դարձնելով այն նկարիչների կենտրոն: Արդյո՞ք Մովսես գյուղի ճանապարհը կառուցեցիք առանց սահմանապահ համայնքի հսկայական նյութական մասնակցության և ներքին իշխանական մրցակցության: Մնացածը ես չթվեմ, ինչպես 5000 ներգաղթյալներին և շարունակ՝ Դուք վերլուծեք ու Ձեր խղճով Ձեր և Աստծու առաջ պատասխանեք: Դուք պիտակավորել եք բոլոր նրանց, ինչպես ինձ, ովքեր չեն ուզում Ձեր թիմի կառավարման աղետաբեր շարունակությունը՝ համարելով «ռևանշիստ, բյուջեն թալանող, ժողովրդին տգիտության մեջ թողնող» և այլն՝ մնացածը Դուք գիտեք: Իսկ «քծնանքի» մասով, բավական է միայն անդրադառնալ մեր որոշ գյուղապետերի վարքին՝ հատկապես սահմանապահ, որոնք անկախ վաղվա ելքից դեռ փորձելու են նայել մեր աչքերի մեջ:
Ցավոք, Ձեր «մրճահար» թիմի համար Հայրենիքը մնաց անկլավ, ասֆալտ, ջրագիծ, անհասկանալի վայրերում կամուֆլյաժով նկարվել և «Զինուժ»-ով ցուցադրել, Արցախին օգնության մեկնող, բայց Տավուշյան անտառներում ծվարածներ, թուրքական կոնֆետ ու ադրբեջանական բենզին, դելիմիտացիա և դեմարկացիա, մնացածն էլ Դուք ասեք:
Որքա՜ն հնարավոր է թշնամացրեք, ատելություն և անիքնություն սերմանեք, ստով ու կեղծիքով կերակրեք, բայց հանկարծ ոչինչ չասեք ալիևներին ու էրդողաններին: Նրանք ձեր բարիքն են ցանկանում, իսկ ձեր հայրենակիցները «կոռումպացված ու թալանչի են, ռևանշիստ, քծնող ու տգետ»… Էլ մոռացել եք սերն ու համերաշխությունը»,-գրել է թեմի առաջնորդը։
Նա հավելել է, որ միևնույն է՝ հունիսի 20-ին ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանը հաղթելու է ձեր նոր Հայաստանին, «տաճարը հաղթելու է փողոցին»։
«Շարունակում եմ աղոթել Ձեր և Ձեր ընտանիքի համար և բոլոր «մրճահարների» համար, իսկապես ցանկանում եմ, որ լույսը բացվի բարի եվ չարազերծ հայաստանում…»,-ասվում է գրառման մեջ։






