Կրակել են Բաբաջանյան/Շիրինյան դաշինքի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա։ Այդ մասին Բաբաջանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատահարի մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։
«Մանրամասները՝ քիչ անց»,-գրել է նաև և հրապարկել կրակոցից վնասված մեքենայի դիմապակու լուսանկարը։
Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։