«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մասնակցել է քվեարկությանը: Նա լրագրողներին ասել է, որ քվերակելու է հանուն Հայաստանի և Արցախի ապագայի:
«Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր Հայաստանի լինելու և չլինելու ընտրություն է», – նշել է թեկնածուն, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նա ասել է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:
«Նրանք հասկանում են, որ Հայաստանում այլևս երբեք վերարտադրվելու, իշխանություն կազմելու հնարավորություն չունեն: Ուստի, վերջին ճիգրեն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար», – ասել է վարչապետի թեկնածուն:
Վանեցյանը մատնանշել է նաև բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգերը. «Մեր քվեաթերթիկների վրա ինչ-որ նշում կա, ընտրատեղամասերում ընտրողներին մեր քվեաթերթիկները չեն տալիս, իշխանական թևի ներկայացուցիչներն ուղղորդում են զինվորականներին, ոստիկանական ուժերի կողմից մեր շտաբների նկատմամբ իրականացվում են ճնշումներ: Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները: Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբաններին: Դա արվել է ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին 72 ժամով ընտրական գործընթացներից հեռացնելու համար»:
«Պատիվ ունեմի» վարչապետի թեկնածուի կարծիքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի:
«Ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն», – ասել է նա:
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։