Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, արձագանքելով սոցցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներին, այդ թվում՝ վիրավորական գրառումներով, հիշեցրել է, որ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով։
Նշվում է, որ այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։
«Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500,000-700,000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100,000-200,000 դրամի չափով»,-ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։






