AM
20 Հունիս 2021 - 12:29 AMT

Վիզաների վարչության պետ․ Արտահերթի համար կտրուկ ավելացել են վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու տեղեկանքի համար դիմումները

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտրուկ աճել է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար լիազոր մարմին ներկայացրած դիմումների քանակը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը, տեղեկցանում է Արմենպրեսը։

«Եթե 2018-ի դեկտեմբերի 9-ի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում քննարկվել է ընդամենը 2230 նմանատիպ դիմում, ապա այս ընտրությունների ընթացքում ստացվել է և նույն ռեսուսներով իրականացվել 3608 դիմումի քննարկում։

Ուսումնասիրությունների արդյունքում տրամադրվել է 3536 տեղեկանք, 72 քաղաքացիների դիմում մերժվել է։ Դրանցից 44-ը մերժվել է նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին 4 տարվա 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հիմքով»,- ասել է Մկրտչյանը։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի խոսքով՝ 2 մերժման որոշում բողոքարկվել է դատական կարգով, դատարանի կողմից մեկ հայց բավարարվել է, մեկը՝ մերժվել։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։