AM
20 Հունիս 2021 - 12:59 AMT

Պատգամավոր․ «Պատիվ ունեմ»-ի՝ ընտրակաշառք բաժանող ներկայացուցիչը ձերբակալվել է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Պատիվ ունեմ»-իընտրակաշառք բաժանող ներկայացուցիչ է ձերբակալվել։

«Արարատի մարզի Նորամարգ համայքում մոտ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվեց»,-ասվում է գրառման մեջ։

Իր հերթին, ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդիի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30,000 դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։

Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։

Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։